Ակունքի համայնքի պատմությունը

Ակունք, Акунк, Akunk

Ակունքը Կոտայքի  մարզի (նախկինում` Կոտայքի, ապա Աբովյանի շրջանների) գյուղերից է: Մինչև 20-րդ դարասկիզբը կոչվել ` Ղըրխբուլաղ կամ Կըրխբուլաղ` գյուղից սկիզբ առնող սառնորակ աղբյուրների շնորհիվ, որոնք, ինչպես թուրք-պարսկական անվանումն է վկայում, քառասունի էին հասնում:      16-17-րդ դարերից սկսած, Երևանի պատմության մեջ նշվում է, որ այս աղբյուրների ակունքից բխած առատ ջուրն էլ Ավանով Երևան է հոսել մինչև 19-րդ դարի վերջը Կըրխբուլաղ ապա Գետառ անվանումով, որը ներկայումս Երևանով անցնող գետն է:

20-րդ դարասկզբին անվանվել է Բաշ-գյուղ թուրքերեն անվանմամբ (Բաշ` գլուխ` թուրքերեն) 1946 թվականից Ակունք:

Նախկինում մտել է Երևանի, ապա Կոտայքի գավառի մեջ:

Գյուղը գտնվում է Աբովյանի քաղաքից 5-6 կմ հյուսիս-արևելք` Հատիս (Շամիրամա) լեռան ստորոտին, ալիքավոր լայն սարահարթի վրա, ծովի մակերևույթից բարձր է 1445-1488 մ : Գյուղի մասին պատմական տեղեկությունները ժլատ են, միայն Երևանի պատմությանն առնչվող որոշ ակնարկներից զգացվում է, որ բնակավայրը մշտապես շեն է եղել, թեև ոչ շատ բազմամարդ` 17-18 դարերում:  Տարբեր ժամանակներում հնագիտական պեղումներ են կատարվել,  և պարզվել է, որ գյուղի հարավ-արևմտյան բլուրներից մեկի տեղում եղել են հնագույն ամրոցի մնացորդներ (գյուղի տարեցներն անվանում էին «Կալաչի ամրոց»):

Լեոն վկայում է, որ 16-րդ դարում դեռևս պարսիկ տիրակալները գյուղի սառնորակ ջուրը տակառներով
  Երևան էին տարել` ավանակներին բարձած: 18-19-րդ դարերում ագուգանների միջոցով Կըրխբուլաղ (Գետառ) գետից օգտագործել են ջուրը կենցաղային նպատակներով` բաղնիքների, եկեղեցիների և Սարդար ու Հասան խաների պալատների, մզկիթների կարիքների համար:

1912-13 թվականներին, ռուսական տիրակալության շրջանում, անցկացվել է խողովակաշար` Բաշգյուղ-Երևան ջրմուղ: Գյուղի համեղ աղբյուրներից են եղել Սարդարբուլաղը (Սարդար խանի աղբյուր), Շիրինբուլաղը (քաղցր աղբյուր), Սոնայի աղբյուրը, Բաղդոյենց աղբյուրը:   Վերջիններից գոյանում է գյուղամիջյան, եկեղեցամերձ լիճը: Գյուղը խմելու ջուր է մատակարարում ինչպես Երևանին, այնպես էլ հարևան գյուղերին:

Գյուղի ներկայիս բնակիչների նախնիները 1828թ. Թուրքմենչայի, ապա 1829թ. Ադրիանապոլսի պայմանագրերի համաձայն գաղթել են Խոյից, Սալմատից, Հին Բայազետից: 1915թ. եղեռնի հետևանքով գյուղ են եկել նաև   7-8 ընտանքիներ` Վանից:

Գյուղում իշխող բարբառը Բայազետի (Դարոինք) բարբառն է` Արարատյան բարբառին փոքր-ինչ խառնված: Չնայած պատմական աղբյուրները շատ խոսուն չեն, սակայն հին ամրոցի ավերակները, Հատիս լեռան Շամիրամա լեռ անվանումը, գյուղամերձ տարածքների թուրքալեզու անվանումները հուշում են, որ գյուղում մինչև  1604թ. Շահ Աբաս պարսկական արքայի կողմից արտագաղթի, ապա 1828 և 1829 թվականների վերաբնակեցման իրողություններից առաջ էլ բնակիչներ եղել են, և ցավոք, իշխել են թուրքալեզուները, քանի որ Հատիսի լանջերին են գտնվում Բաբաջուռ, Սարկայա, Հաչակայա գյուղի սարատեղ  (յայլա համարվող Ղամջլու), Դավա-Բոյնի և այլն:

Այն փաստը, որ Հատիսի լանջերին, գյուղից արևելք կառուցված Պողոս-Պետրոս եկեղեցու հյուսիսային պատին առկա վիմագիր արձանագրության մեջ նշվում է 1551թ.` Ասլան և Ձիրապշահ եղբայրների ծախքով կառուցված, խոսում է այն մասին, որ հայ քրիստոնյաները մշտապես ապրել են գյուղում, կանգուն պահել Պողոս-Պետրոս եկեղեցին:

Հավանաբար, 1604թ. Շահ Աբասի կողմից ամայացման հետևանքով դատարկված գյուղում էլ անասնապահությամբ ու բանջարաբուծությամբ զբաղվող, թուրքալեզու տիրակալներին ենթակա բնակիչներ մնացել են մինչև 1828-29 թվականնների հիմնական վերաբնակեցումը:

             

Համաձայն ՀԱԴ (Հայաստանի ազգային դիվան) տվյալների, սկսած 1831թ. մինչև մեր օրերը, բնակչության թվաքանակի ցուցանիշները վկայում են, որ մինչև 1842թ. բնակչությունը միատարր է եղել, միայն հայ քրիստոնյաներ են եղել, ապա բնակվել են նաև քրդեր, որոնց մի մասը, ինչպես նաև որոշակի թվով եզդիներ, այժմ էլ կան գյուղում: Գյուղն այժմ ունի ավելի քան 2200 բնակիչ:

Գյուղի կենտրոնում են գտնվում 18-րդ դարում կառուցված Սուրբ Կարապետ եկեղեցին, որն ունի եռանավ բազիլիկ հիշեցնող հորինվածք`19.25 * 9.94 մ  արտաքին չափերով, կարմիր տուֆից սրբատաշ կառուցվածք է: Ունի քարաշեն որմեր, երկու զույգ սյուներ, զանգակատուն` սրածայր մետաղով: Եկեղեցին գործող է, վերանորոգվել է ՀՀ գլխավոր ոստիկանապետ Վլադիմիր Գասպարյանի կողմից: Գյուղի հարավ արևմտյան մասում է գտնվում վաղ միջնադարյան (ըստ մասնագետների կարծիքի Ե-Է  դարերի) մեկ այլ` Սուրբ Սարգիս եկեղեցու մի հատված և որոշ բեկորներ, որը ծառայում է որպես մատուռ և ուխտատեղի: Ս. Սարգիս եկեղեցուն վերաբերվող արձանագրություններ կան, որոնք հանգամանորեն ուսւոմնասիրվել են հուշարձանագետ Սամվել Կարապետյանի կողմից 2014 թ.:

Գյուղի պատմական հուշարձանների մասին հանգամանորեն ներկայացված են Ս. Կարապետյանի հեղինակած գրքում, որտեղ Պողոս-Պետրոս եկեղեցական համալիրի, դրանց հարող տապանաքարերի, գյուղի հին գերեզմանոցի`հիշարժան տապանաքարերի մասին զետեղված են նաև գունավոր լուսանկարներ, հարուստ նյութեր («Ակունք և Կաթնաղբյուր գյուղերի պատմական հուշարձաններ», 2014թ. ) :

Գյուղն ունի մշակույթի գործող կենտրոն: Գյուղում 2013թ. Կառուցվել է «Ներսես Մեծ» հոգևոր կենտրոն`համագյուղացի գործարար Նորիկ Պետրոսյանի միջոցներով:

   

Հոգևոր կենտրոնի, ինչպես նաև Ս. Կարապետ գործող եկեղեցու հովիվ, քահանա Զոհրապ Մակարյանն է հովվություն անում և կազմակերպում կիրակնօրյա դպրոցի աշխատանքները:   

Գյուղի կենտրոնում 1967թ. կառուցվել է Հայրենական պատերազմի զոհերի հիշատակին և պատերազմի հաղթանակները խորհրդանշող ճարտարապետական տուֆակերտ հուշարձանային համալիր`անմար կրակով, ճերմակ մարմարե տախտակին փորագրված 124 զոհերի անուններով:

 Ճարտարապետն է համագյուղացի Ֆրիկ Վաղարշակյանը: Հուշարձանին հարող տարածքում կանգնեցված են Արցախում զոհված համագյուղացիներ Թևոս Մելքոնյանի և Արմեն Ալեքսանյանի  հիշատակին նվիրված խաչքարերը` դարձյալ գործարար Նորիկ Պետրոսյանի հովանավորությամբ:

Գյուղն ունի միջնակարգ դպրոց, փոստային բաժանմունք, ժամանակակից կահավորանքով ու սարքավորումներով հագեցած ամբուլատորիա: Հարուստ է գյուղական գրադարանը` հագեցած գեղարվեստական և մասնագիտական գրականությամբ: